Ոչ լատինական տառատեսակների
9-րդ միջազգային մրցույթ

  

Պատմության էջերից

Հայ ժողովուրդը դասվում է այն ժողովուրդների խմբին, որոնք ունեն առանձնահատուկ գիր և գրչություն: Հայոց գիրը ստեղծվել է 5-րդ դարում, 405-406 թվին: Հայոց այբուբենի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մեսրոպ Մաշտոցը որպես սկզբունք ընդունել է «Մեկ հնչյուն-մեկ տառ» կարգախոսը: Հայերենի բառակառուցմանը համապատասխանել են 36 հնչյունատառ: Զարմանալին այն է, որ Մեսրոպ Մաշտոցը դեռ այն ժամանակ հասկացել է այբուբենին, կամ առհասարակ տառին ներկայացվող ժամանակակից պահանջները: Նա ջանացել է դրանց տալ ոչ միայն ճանաչողական ընթեռնելիություն, այլև գեղագիտական որակ: Առաջին իսկ ծանոթությամբ երևում է, որ հայոց այբուբենը կառուցվածքային առումով բավարար պարզ է, միաոճ և համամասնական: Մ. Մաշտոցի ձեռագրերը չեն պահպանվել: Այդ ժամանակվա գրանշանների վերաբերյալ կարծիք է կազմվել ամենահին վիմագիր արձանագրություններից: Հատկանշական է Կոմիտաս կաթողիկոսի վիմագիր արձանագրությունը Հռիփսիմեի տաճարի արևմտյան պատին, որ թվագրված է 618 թ.: Հայ գրության հնագույն այս ձևը, մինչև ձեռագրերին հասնելը, կոչվում է բուն մեսրոպյան երկաթագիր: Այս գրերը գլխագիր էին, գրվում էին ուղղահայաց, սակավ դեպքերում նաև թեք: Հայտնի է նաև բոլորաձև երկաթագիրը, որի մեջ տառերի բիբերն ու բլթակները կամարաձև են և տարբերվում են անկյունավոր երկաթագրից: Գրչության այս ձևի գործածությունը տևում է մինչև 12-րդ դարը: IX դարից սկսած, մեծ քանակությամբ ձեռագիր մատյաններ պահպանվել են մինչ մեր օրերը: 10-11-րդ դարերի ձեռագրերում հանդիպում են փոքր մեսրոպյան և 12-13-րդ դարերում միջին մեսրոպյան երկաթագրերը: Սկսած 12-րդ դարից նկատվում են գրություններ՝ այսպես կոչված անցման շրջանի երկաթագրերով, իսկ հետագայում լիիրավ գործածություն է ստանում գրության այն տեսակը, որ կոչվում է բոլորգիր: Բոլորգիրն ավելացված է փոքրատառերով ու լիարժեքորեն հարմարեցված արագ գրելու պահանջներին: Ձեռագիր գրի արվեստը մեծ վերելք է ապրել XII – XIV դարերում, հատկապես Կիլիկյան Հայաստանում:
Առաջին հայերեն տպագիր գիրքը լույս է տեսել 1512 թվին, Հակոբ Մեղապարտի ջանքերով, Վենետիկում: Այն կոչվում է «Ուրբաթագիրք»: Ընդհանուր առմամբ Հակոբ Մեղապարտը 1512-1513 թթ., ըստ մեզ հասած տվյալների, տպագրել է հինգ գիրք՝ «Պատարագատետր», «Պարզատումար», «Աղթարք» և «Տաղարան»: Հաջորդ հայ տպագրիչը Աբգար Թոխատեցին է: Նրա առաջին գիրքը լույս է տեսել 1565 թվին, նույն Վենետիկ քաղաքում: Այն կոչվել է «Փոքրիկ քերականություն» կամ «Այբբենարան»: Մինչ 1569 թ. Թոխատեցին լույս է ընծայում յոթ անուն գիրք:
Մյուս հայ տպագրիչն էր Հովհաննես Տերզնցին: Մեծ զրկանքներ կրելով, Տերզնցին Վենետիկում 1598 թ. Լույս է ընծայում «Սաղմոսարան»:
Հայ տպագրությունը XVII դարում շարունակվում է հայկական գաղթօջախներում, որ ցրված էին ողջ աշխարհով: 1616 թ. Իլով (Լվով) քաղաքում Քարմատյանի ջանքերով տպագրվում է «Սաղմոս ի Դավիթ» գիրքը: XVII դարի 30-ական թվականներին Նոր Ջուղայի (Իրան) հոգևոր առաջնորդ Խաչատուր Կեսարեցին փորձում է տպագրություն իրականացնել, բացարձակապես ոչ մի փորձ և հմտություն չունենալով այդ բնագավառում: Ջուղայի տպարանն ամբողջովին շինված էր տնային միջոցներով: Խաչատուր վարդապետը իր բնատուր խելքով ըմբռնել էր, թե ինչ է պահանջվում, և նրան շրջապատողները փորագրեցին տառեր, մամուլ, մինչև իսկ թուղթը պատրաստեցին տեղում, շարեցին, տպագրեցին: Եվ թեև այդ տպագրությունը թերություններ ուներ, բայց պատրաստված էր հայ մարդու մտքով և ձեռքերով, առանց մասնագետ վարպետների ցուցմունքների և աջակցության: Արդյունքում՝ 1641 թվականին հաջողվում է լույս ընծայել «Հարանց վարքը» գիրքը, բաղկացած 700 էջից:
Վենետիկում մեծ համբավ էր վայելում Հովհաննես Անկյուրացին, որին իտալացիները կոչել են Ջիովանի Մոլինո:
Նա 1642 թվին լույս է ընծայում «Սաղմոս ի Դավիթ»-ը իսկ հաջորդ տարում՝ «Յիսուս որդի» գիրքը: 1655 թվին հայոց կաթողիկոսը Եվրոպա է գործուղում իր քարտուղար Մաթևոս Ծարեցուն, այնտեղ տպարան հիմնելու նպատակով: Ծարեցին մեկնում է Իտալիա, սակայն այնտեղ աջակցություն և հաջողություն չգտնելով, անցնում է Հոլանդիա՝ Ամստերդամ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ կային: Ծարեցին վատ նյութական պայմաններում էր: Մեծ զրկանքներով նա կարողանում է տպարան հիմնել և ձուլել տալ հայկական տառերի հավաքածուն: Այդ պատվերը կատարել է Էլզևիրների տպարանի հռչակավոր գրաձուլիչ Քրիստոֆեր Վան Դիկը: Ծարեցին ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի տպագրությանը, սակայն չի կարողանում այն իրականացնել:
1660 թվին նա լույս է ընծայում «Յիսուս որդի» գիրքը: 1661 թվին Ծարեցին վախճանվում է: Իր վախճանից առաջ Ծարեցին հորդորում է երևանցի վաճառական Ավետիսին, որ տեր կանգնի տպարանին և շարունակի իր սկսած գործը: Ավետիսը, որ Ոսկան վարդապետ Երևանցու եղբայրն էր, խնդրում է, որ իր եղբայր Ոսկան վարդապետը գա, շարունակի տպագրական գործը, քանի որ ինքը դրա հմտությունը չունի: Մինչև Ոսկան Երևանցին կհասներ Ամստերդամ, տպարանից դուրս են գալիս «Սաղմոս» և «Ժամագիրք» գրքերը: Վերջապես 1664 թվին Ոսկան Երևանցին, արդեն եպիսկոպոսի տիտղոսով, հասնում է Ամստերդամ և ձեռնամուխ լինում Աստվածաշնչի տպագրությանը:
1666 թվին լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր «Աստվածաշունչը»: Այն բաղկացած է 1464 էջից, չափերն են՝ 21x26 սմ:
XVII դարի վերջում Վենետիկում գործում էին հայկական երկու տպարան: Մեկը Համազասպյան-Սարիատյան «նորակերտ» տպարանն էր: Այդ տպարանից 1686 թ. Լույս են տեսնում «Պատարագատետր» և «Ճաշոց գիրք» հրատարակումները:
1687 թ. Ագուլեցի Խոջա Գուլնազարը հիմնում է իր տպարանը և լույս է ընծայում «Պարզաբանություն սաղմոսաց» մի շքեղ գիրք:
Բուն Հայաստանում առաջին տպարանը հիմնվեց 1771 թվին, Էջմիածնում: